Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործն այնպես է ձեւվել, որ անգամ կասկածի տակ է դրվում նրա վրա կրակելու հանգամանքը: Այս մասին, այսօր` հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ զավեշտը հասել է նրան, որ հայտարարում են, թե դատաբժիշկը Հայրիկյանի վրա հրազենային վնասվածք չի հայտնաբերել: Փաստաբանը նշեց, որ ոչ միայն նրա մարմնի վրա հրազենային վնասվածք կա, այլեւ գնդակը խրվել եւ մնացել է մարմնի մեջ, որը հեռացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:
«Եթե Հայրիկյանը զոհվեր, կդասվեր հերթական հերոսների շարքին, կհյուսվեին պատումներ, փողոցներ կանվանակոչվեին նրա անունով: Իսկ հիմա կասկածները վերածվում են զավեշտի»,-ասաց Բաղդասարյանը:
«Աստված սեր է, իսկ սերը մեր մեջ պակասել է: Եթե սիրենք իրար, մաթեմատիկական ճշտությամբ հետ է գալու, ոչ միայն փոխանցվելու է մեզ, այլեւ փոխվելու է մեզ շրջապատող բացասական մթնոլորտը»,-ասաց նա:
Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ հայց է ներկայացնելու, որ իրենց ծախսերը փոխհատուցվեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























