Լրատվամիջոցներում գրագողության դեմ ուղղված էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրների հայտարարությունը վաղուց անհրաժեշտություն էր։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով հեղինակային իրավունքները հարգելու մասին խմբագիրների համատեղ հայտարարությանը եւ նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին։

Նա շեշտեց, որ լրատվադաշտում ամեն օր ծնվում եւ մահանում են կայքեր, որոնք չունեն աշխատակազմ, ապրում են ուրիշի աշխատանքի հաշվին։  «Խնդիր էր առաջացել «խուլիգան» կայքերի գործունեությունը կաղապարների մեջ դնել, կանոնակարգել, քանի որ լրագրողների նյութերը վերցվում են շատ հաճախ առանց հղումների կամ ոչ պատշաճ հղումներով, ուստի կայքերի խմբագիրները հանդես եկան հայտարարությամբ, որը մշակելիս ընտրվել է ոսկե միջին տարբերակը»,-ասաց Թովմասյանը:

Նա հույս ունի, որ այս հայտարարությունը հնարավորություն կտա ներքին կանոնակարգման դաշտում լուծել խնդիրը եւ  գործը չի հասնի խուլիգան  կայքերի դեմ դատական հայցեր ներկայացնելուն։

Ասուլիսի բանախոսներից Blognews.am կայքի գլխավոր խմբագրի օգնական Կոնստանտին  Տեր-Նակալյանը նշեց, որ ողջունելի է նման նախաձեռնությունը, լրատվամիջոցները պետք է համագործակցեն, իրենք եւս կողմ են նյութերը վերահրապարակելիս ակտիվ հղում տալուն, դրանք մեջբերել ոչ ամբողջովին, նշել հեղինակի անունը։ Նա նշեց, որ իրենց  կայքի հրապարակումները չեն հանդիսանում իրենց  սեփականությունը, այլ տվյալ հեղինակի սեփականությունն են, ուստի չեն կարող միանալ մի հայտարարության եւ ասել, թե  «մեր նյութերը մի վերցրեք»։

Մյուս բանախոսը՝  Haynews.am կայքի գլխավոր խմբագիր Անուշ Խեչոյանը, նշեց, որ որպեսզի էլեկտրոնային լրատվամիջոցներում ծագած հեղինակային իրավունքների խնդիրները լուծելու համար չդիմեն դատարան, այս հայտարարությունը նախընտրելի տարբերակ է։ Նա կոչ արեց պահպանել մարդկային արժեքները, հարգել միմյանց աշխատանքը, իսկ երբ անցնի պատշաճության սահմանը, այդ ժամանակ դիմել դատարան։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Shamshyan.com կայքի ներկայացուցիչ Գեւորգ Էմին-Տերյանն ասաց, որ օրենքն անհրաժեշտություն է, իսկ այս հայտարարությունը զուտ բարոյական հայտարարություն է, իրականում ոչ մի իրավական ուժ չունի։ Նրա խոսքով՝ խնդիրը շատ ավելի խորն է, իսկ այս հայտարարությունը փոքրիկ մասն է, որը կարող է բարեխիղճ մթնոլորտ ստեղծել լրատվադաշտում։ «Այս հայտարարությունից հետո իրավիճակ է ստեղծվել, որ պետք է որոշեն՝ լրատվամիջոց են, թե լրատվամիջոց չեն։ Եթե մարդը ընդունում է, որ ինքը լրատվամիջոց է, պետք է արձագանքի այս հայտարարությանը»,- նշեց Գեւորգ Էմին-Տերյանը։ Նա նաեւ դժգոհություն հայտնեց «Բլոգնյուզից» եւ բերեց օրինակներ վերջինիս «բարեխղճությունից»։ Ներկայացուցչի բողոքն այն էր, որ իրենց նյութերը վերահրապարակվում են առանց հղումի, օգտագործվում են  էքսքլյուզիվ տեսանյութերը, լուսանկարները։ Գեւորգ Էմին-Տերյանը, դիմելով Կոնստանտին Տեր-Նակալյանին,, ասաց, որ shamshyan.com կայքի նյութերը վերահրապարակելիս դրանք ամբողջությամբ չզետեղել, տեղադրել հիպերհղում հենց իրենց կայքին, ոչ թե այլ կայքերի։

«Բլոգնյուզի» խմբագրի օգնականը պարզաբանեց, որ իրենք չեն կարող ամեն նյութ հրապարակելիս պարզել, թե ով է այն առաջինը տպագրել։ Նա վստահեցրեց, որ որեւէ չարամիտ դիտավորություն չկա, նման դեպքերում առանց որեւէ խնդրի փոխում են եւ պատրաստ են shamshyan.com կայքի նյութերը հրապարակել ոչ ամբողջությամբ, տեղադրել հիպերհղում։

«Բլոգնյուզից» դժգոհություն հայտնեցին նաեւ քննարկմանը ներկա լրագրողները՝ ասելով, որ «ֆեյք» էջերի միջոցով իրենց նյութերը զետեղում են իրենց կայքում։  «Բլոգնյուզի» ներկայացուցիչն էլ պատասխանեց, թե իրենց համար կարեւոր է տեղեկատվությունը, ոչ թե՝ այդ անձը «ֆեյք» է, թե «իրական»։

«Ինչո՞ւ եք դուք եւ մնացած կայքերը ուզում ապրել մնացածի շահույթի հաշվին»,- դիմելով Կոնստանտին Տեր-Նակալյանին՝ ասաց Թագուհի Թոմասյանը։

Քննարկման ավարտին բոլոր խմբագիրները հույս հայտնեցին, որ հայտարարությունը կծառայի իր նպատակին, եւ խնդիրը չի հասնի դատական հայցեր ներկայացնելուն։