ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հարուցված  քրեական գործում կա ապացույց, որ Վարդան Սեդրակյանին Ռուսաստանից 100 հազար դոլար գումար են ուղարկել: Այս  մասին, այսօր` հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւ հույս հայտնեց, որ օբյեկտիվ  քննություն կիրականցվի ու կպարզվի այդ գումարի աղբյուրն ու ուղարկելու պատճառները:

Փաստաբանն այս պահին գործի ընթացքը բավարար է համարում:

Իր հերթին, Պարույր Հայրիկյանի փաստաբան եւ ընկեր Կարո Եղնուկյանը հիշեցրեց, որ սպանության հաջորդ օրը լուրեր տարածվեցին, թե Հայրիկյանին փորձել են վախեցնել: «Եթե ոտքին կրակեն եւ դիպչի երակին, նա կարող է արյունահոսությունից մահանալ: Զենքով կրակոցի դեպքում չկա երաշխիք, որ նա չի մահանա: Կրծքավանդակին ուղղված կրակոցից 85 տոկոսը մահանում են»,- ասաց Եղնուկյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Վարդան Սեդրակյանին պետք չէր սպանել Հայրիկյանին, նա կարող էր ընդամենը վարձու մի օղակ լինել: «Փաստեր կան, որ Սեդրակյանը 3 տարվա ընթացքում 3 մլն տանուլ է տվել: Բացի այդ, անցյալ տարվա նոյեմբերին 100 հազար դոլար է ստացել նախկին ԱԱԾ աշխատակցից: Նա ազգությամբ հայ է, բայց Ռուսաստանի քաղաքացի: Հիմա, երբ քաղաքական պատճառ չկա, ուրեմն վարձկան է եւ պետք է նայենք, թե դրամի հետքը որտեղից է»,- ընդգծեց Կարո Եղնուկյանը: Հարցին, թե ո՞վ կարող է լինել երրորդ օղակը, եթե Սեդրակյանը երկրորդ օղակն է,  Եղնուկյանն անուններ չտվեց, սակայն նշեց, որ Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միակն էին, ովքեր նախագահական պայքարի ժամանակ պայքարում էին, որ ժողովրդի մեջ վախը վերանա, հետեւաբար կարծում է, որ վախը ժողովրդի մեջ մտցնելու համար որոշել են քարոզչին պատժել:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am