Ստամբուլահայ տարեց կանանց դեմ հարձակման մեղադրանքով կալանավորված Մուրադ Նազարյանը դատական առաջին նիստի ժամանակ հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, որ ինքը ոչ մեկին չի սպանել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 2-րդ դատարանում տեղի է ունեցել ստամբուլահայ կանանց դեմ հարձակումների գործով ձերբակալված Մուրադ Նազարյանի դատական առաջին նիստը։ 

Հարձակման զոհերի դատապաշտպան Էրեն Քեսքինը դատական նիստի ժամանակ հայտարարել է, թե մեղադրական զեկույցը թերի է, քանի որ տեղի ունեցած հանցանքների ժամանակաշրջանում մի շարք կանանց դեմ տարբեր վայրերում են հարձակումներ իրականացվել։ Նա պնդել է, որ հարձակման ենթարկված կանանց միավորում է մի բան՝ հայ լինելը, իսկ սպանության դաժանությանը ուշադրություն դարձնելիս՝ կարելի է եզրակացնել, որ դա ատելության հողի վրա կատարված սպանություն է։  Փաստաբանի խոսքով՝ հետաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ դեպքի վայրում ականատեսները տեսել են եւս 2 մարդու, սակայն դրա վրա ուշադրություն չի դարձվել։

Մեղադրյալ Մուրադ Նազարյանն իրեն ուղղված հարցին ի պատասխան, նշել է, թե ասելու ոչինչ չունի, քանի որ ոչ մեկին չի սպանել։

Դատարանը հետաձգել է նիստը՝ անփոփոխ թողնելով Մուրադ Նազարյանի խափանման միջոցը։

Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։

Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանի մեջ են մեղադրում։ Բացի այդ, նշվում է, որ նա ոչ մի հարազատ չունի եւ նրա մոտ առկա են հոգեկան խանգարումներ։