Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46 շենքի հետնամասի հատում են այգու ծառերը, որի մասին ահազանգել են տեղի բնակիչները, ինչպես նաեւ Facebook-ի օգտատերերը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
«Եկել են, ծառերը հանել են: Չորսը ծառ տարան, մեկը՝ չթողեցինք: Ավտոսպասարկման կետ են ուզում սարքել: Բայց սա մեր միակ կանաչ գոտին է: Նախկինում շենքի հետնամասում ամբողջությամբ այգի է եղել, կամաց-կամաց այգիները վերածվեցին շինությունների, մնաց այս փոքր կտորը, հիմա սա էլ են ուզում ոչնչացնել»,- պատմել է տեղի բնակչուհի Նաիրա Զուրաբյանը: Մեկ այլ բնակիչ էլ ասել է, որ թույլտվություն ներկայացվել է, եւ ամեն ինչ օրինական է: Նախաձեռնողը ոմն Արթուր է:
Տեղում չի հաջողվել զրուցել որեւէ աշխատակցի կամ պատասխանատուի հետ: Բնակիչների խոսքով՝ լրատվամիջոցների ժամանման մասին տեղեկանալով, նրանք հեռացել են:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր եւ արձանագրել ծառահատման փաստը: Բնակիչներ դիմում-բողոք են ներկայացրել Օմբուդսմենին:

Լուսանկարները՝ «ԷկոԼուր»-ի




























