Հայաստանն ու Ռուսաստանը ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման եւ սահմանամերձ հարցերում տեղեկատվության փոխանակման մասին պայմանագիր են ստորագրել: Այս մասին հունիսի 25-ին լրագրողերի հետ հանդիպման ժամանակ հաղորդել է Հայաստանի Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նշելով, որ Ռուսաստանի ԱԽ-ի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այցը Հայաստան արդյունավետ եւ նշանակալի էր` Բաղդասարյանը ասել է, որ ստորագրվել են 5 տարբեր դաշնագրեր եւ համաձայնագրեր, որոնք ամուր իրավական հիմք են երկրների միջեւ հետագա արդյունավետ համագործակցության համար: Բաղդասարյանը նաեւ ընդգծել է, որ ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում նոր դաշնագիրը լուրջ փաստաթուղթ է, որի ստորագրման համար տարիներ շարունակ համապատասխան աշխատանքներ են տավել: Նա հավելել է, որ լուրջ քայլեր կձեռնարկվեն` տիեզերքը համատեղ օգտագործելու, Գառնու դիտակետը եւ Բյուրականի աստղադիտարանը կատարելագործելու ուղղությամբ:

Հունիսի 25-ին Երեւանում  Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԽ-ի քարտուղաների միջեւ բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն, ինչպես նաեւ հումանիտար արրձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծման ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագիր: Եվս մեկ արձանագրություն է ստորագրվել աշխարհաֆիզիկական ծառայության ոլորտում համագործակցության վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը պարգեւատրվել են Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մեդալով: Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, իր հերթին, պարգեւատրվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մեդալով: Պատրուշեւն ու Օհանյանը փոխանակվել են խորհրդանշական նվերներով: