Ինչպես սպասվում է, Հայաստանում նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից 35 հազար դրամից կդառնա 45 հազ. դրամ: Աճն առանձնապես մեծ չէ, սակայն, այնուամենայնիվ, դրական տեղաշարժ է կառավարության քաղաքականության մեջ, որը խոստացել է տարեսկզբին ավելի բարձրացնել այդ շեմը:
Չմոռանանք այն փաստը, որ ներկայումս, համաձայն պաշտոնական տվյալների, հանրապետությունում նվազագույն աշխատվարձ է ստանում մոտ 160 հազար մարդ: Եւ որքան էլ առաջին հայացքից տարօրինակ է թվում, նրանց մեծ մասը (56%-ից ավելին ) բաժին է ընկնում մասնավոր հատվածին:
Մարտ ամսի տվյալներով` ամսական միջին անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է մոտ 114,6 հազ. դրամ, իսկ ոչ պետականում` մոտ 176,6 հազ. դրամ: Ընդգծենք, որ ներկայումս միջին աշխատավարձի այդ ցուցանիշը ներառում է նաեւ սոցվճարը:
Աշխատավարձերի այս տարբերությունը պարզ բացատրություն ունի: Մասնավոր հատվածում քիչ չեն օտարերկրյա կապիտալով ընկերությունները, որտեղ միջին աշխատավարձն անհամեմատ բարձր է, քան հայրենական բիզնեսի ձեռնարկություններում:
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է միանգամայն կանխատեսելի հետեւանքներ ունենալ, բացի պետբյուջեի վնասը: Չի բացառվում, որ տնտեսությունում ստվերային զբաղվածությունն աճի: Մյուս անցանկալի «արդյունքը» գործատուի կողմից վարձու աշատակազմի թվաքանակի կրճատումն է: Սակայն այդ խնդիրների հաղթահարման ուղիներ կան:
Օրինակ, Ուկրաինայում զբաղվածության ոլորտում «ստվերի» կրճատման հարցը նախատեսում են լուծել ոչ թե վերահսկողության խստացմամբ, այլ եկամտահարկի սանդղակի տեղաշարժի եւ միասնական սոցվճարի դրույքաչափի կրճատմամբ:
Նշենք, որ ներկայումս այդ երկրում պահվում է 3,6% սոցվճար աշխատողի աշխատավարձից , 15%` ֆիզիակական անձանց եկամուտից: Ընթացիկ տարվա ապրիլին Ուկրաինայում միջին աշխատավարձը կազմել է 3233 գրիվեն (մոտ 164 հազ. դրամ):
Ներկայումս Ուկրաինայի համապատասխան նախարարության կողմից 18 հազար գրիվենից (մոտ 76 հԱզ. դրամ ամսական) պակաս տարեկան եկամուտի դեպքում զրոյական դրույքաչափ է կիրառվում: Այնուհետեւ, տարեկան 3 մլն գրիվենից (մոտ 12,7մլն դրամ ամսական) կպահվի 10%, իսկ ավելի բարձրի դեպքում` արդեն առավելագույն 20%: Ինչպես տեսնում ենք, եկամտահարկի դրույքաչափերը գրեթե այնպես են, ինչպես մեզ մոտ: Տարբերությունը նրանց կիրառման մեջ է:
Առաջին հերթին, ակնհայտ է եկամուտների մակարդակից չհարկվող հարկի հարցում տարբերությունը: Երկրորդը, մեզանում եկամտահարկը հիմնականում գանձվում է աշխատավարձից, ինչպես նաեւ անհատ ձեռներեցների եկամուտներից, իսկ Ուկրաինայում ընդհանուր եկամուտներից, որի մեջ ընդգրկված են շատ այլ աղբյուրներ, օրինակ, շահաբաժինները:
Միաժամանակ, եկամտահարկի փոփոխություններով առաջարկվում է նվազեցնել սոցվճարի դրույքաչափերը ներկայիս պրոֆեսիոնալ ռիսկի դասով տարբերակված 32,6-49,7%-ից մինչեւ միասնական 18%-ի: Միաժամանակ կանխատեսվում է, որ Ուկրաինայի կենսաթոշակային հիմնադրամի եկամուտները կկրճատվեն կրկնակի` ավելի քան 80 մլրդ գրիվենով (գրեթե 4,1 տրլն դրամ): Պետբյուջեին կվնասեն նաեւ եկամտահարկի փոփոխությունները:
Ռիսկերն, իհարկե, բավականին բարձր են: Սակայն Ուկրաինայի կառավարությունը նման եղանակով մտադիր է էապես կրճատել երկրում ստվերային զբաղվածությունը, որը բնութագրվում է մեծ ծավալներով, եւ վրադիրով փոխհատուցել նշված վնասները:
Գաղափարն այսպիսին է, որ մասնավոր հատվածի գործատուների հարկման նոր պայմաններում շահավետ կլինի լեգալացնել «ստվերային» աշխատակիցներին, քան խախտել օրենքը:
Կանխատեսվում է, որ Ուկրաինայի պետբյուջեն միայն «ստվերային» աշխատավարձերի լեգալացման արդյունքում կստանա լրացուցիչ 105 մլրդ գրիվեն (ավելի քան 5,3 տրլն դրամ):
Ալբերտ Խաչատրյան




























