Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ կնքված համագործակցության ծրագրի շրջանակում, «Երեւանի Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մասնագետները հունիսի 23-ից գտնվում են Ստեփանակերտում:
ԼՂՀ մայրաքաղաքի «Շտապբուժօգնության» կայանի բժիշկների հետ համատեղ Երեւանից ժամանած մասնագետները մասնակցում են կանչերին, ցուցաբերում բժշկական անհրաժեշտ օգնություն` տեղում իրականացնելով փորձի փոխանակում: Անցկացվում են նաեւ դասախոսություններ:
Հյուրընկալելով Երեւանից ժամանած բժիշկներին՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բժիշկներին պատրաստակամության եւ ցուցաբերվող աջակցության համար, ապա նաեւ կարեւորելով համանուն առողջապահական կառույցների միջեւ սկիզբ առած փոխգործակցությունը՝ հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն շարունակական, եւ Ստեփանակերտի շտապօգնության կայանի գործունեությունն աստիճանաբար կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին:
«Երեւանի Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է այցի շրջանակում իրականացվող աշխատանքներն ու նշել, որ երկու մայրաքաղաքների համապատասխան ծառայությունների միջեւ համագործակցության բոլոր ծրագրերն ու դրանց շարունակականությունը գտնվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ առողջապահության փոխնախարար Արմեն Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հետագա ծրագրերի հետ կապված հարցեր: Ծրագրի հերթական փուլը շարունակվելու է մինչեւ հունիսի 26-ը:




























