Սարի Թաղում հունիսի 25-ին ժամը 02:00-ի սահմաններում ծեծի ենթարկված 33-ամյա Արմեն Մ.-ի առողջական վիճակը կայուն է:: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա կինը` Լիլիթը: Նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, բայց մինչեւ շաբաթվա վերջ դուրս կգրվի հիվանդանոցից: Տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել, համակարգչային հետազոտության արդյունքում լուրջ բան չի հայտնաբերվել:
Արմեն Մ-ն պարուսույց է, դասավանդում է «Վիվատ» պարային ակումբում, իսկ երեկոյան ժամերին պարում է «Շառլոտ» գիշերային ակումբում: Կինը պատմեց, որ դեպքի օրը նա աշխատանքից տուն էր վերադառնում, տարավ ընկերոջը թողեց իր տանը, այնուհետեւ իր աշակերտուհու հետ անցնում էր Սարալանջ եւ Չարենց փողոցների հատման մասով, երբ իր մեքենան կանգնեցրեց մեկ այլ վարորդ: Կնոջ խոսքով` Արմեն Մ-ի մեքենան կանգնեցրած անձը նրանից բենզին է խնդրել, իսկ քանի որ վերջինիս մեքենան գազով է աշխատում, նա նշել է, որ բենզին չունի: Այնուհետեւ վերջինս ճանապարհին բենզին է գնել եւ վերադարձել է, որպեսզի նրան օգնի: «Մոտեցել է, ուզեցել է այդ մեքենայի դուռը բացի, տեսել է, որ մարդ չկա, այդ ժամանակ կողքի կիսակառույց շինությունից 6-7 հոգի փայտերով դուրս են եկել, հասել են իր վրա, ինքը փորձել է հասկացնել, որ ոչ մի կապ չունի նրանց հետ, պարզապես բենզին է բերել: Նրան չեն լսել, շարունակել են հարվածել, իսկ օգնություն խնդրած անձը այդտեղ չի եղել: Այնուհետեւ ինքը փորձել է հանել իր գազային ատրճանակը, առաջին երեք փամփուշտը «խալաստոյ» է եղել, բայց 2-3 անգամ օդ է կրակել, հանգիստ չեն թողել իրեն, այդպես անգիտակից ընկել է գետնին, նրանք հեռացել են»,- ասաց նա:
Դրանից հետո վերջինիս մեքենայից դուրս է եկել նրա աշակերտուհին, զանգել են շտապօգնություն, ոստիկանություն, իսկ նրան ծեծի ենթարկողները փախչել են: «Այդ տղաները նրան անծանոթ են եղել, չգիտենք, թե ինչ խնդիր են նրանք ունեցել այդ մեքենայի վարորդի հետ, նա ընդամենը փորձել է օգնել: Կարծես թե այդ կիսակառույցի մոտ սպասելիս են եղել, մինչեւ ինչ-որ մեկը մոտենա այդ մեքենային»,- պատմեց Լիլիթը:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, ժամը 02:00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի Թաղում, գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է ընկած:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Սարալանջի եւ Չարենցի փողոցների հատման մասում՝ գետին ընկած, հայտնաբերել է 33-ամյա Արմեն Մ.-ին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մ.-ի հետ եւ ծեծի ենթարկել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մ.-ն իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնություն պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն:




























