30-ամյա Ա. Մ.-ն մեղադրվում է կնոջը ծեծելով մարմնավաճառության դրդելու եւ գումարները խաղասրահում պարտվելու մեջ: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Ա. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ նույն հարկի տակ բնակվող փաստացի կնոջը՝ Տ. Ա.-ին, սեռական շահագործման ենթարկելու նպատակով, պարբերաբար, նրա կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացի այդ իրենց անչափահաս դստեր կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, այն է՝ երեխային վնասելու եւ կյանքից զրկելու, նաեւ կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքներով, պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ։

Ա. Մուրադյանը տարբեր օրերի, վերը նկարագրված բռնությունների սպառնալիքների գործադրմամբ, Տ. Ա.-ին՝ իր կամքին հակառակ, մանկահասակ դստեր հետ միասին, տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիեւյան փողոց, որտեղ հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին, իսկ ինքը, մնալով տաքսու մեջ, վերահսկել է նրա պոռնկության շահագործումը, ապա ստացել ու ինքնուրույն տնօրինել մարմնավաճառությամբ վաստակած գումարն:

Ա-ն համատեղ կյանքի ընթացքում, ըստ էության, չի աշխատել, բայց միաժամանակ գումարներ է վատնել խաղատներում: Նա կնոջից ստացել ու ինքնուրույն տնօրինել է մարմնավաճառությամբ շուրջ 20-25 անգամ վաստակած գումարները:

Ի դեպ, նրանք ծանոթացել են հեռուստատեսության վազող տողի հայտարարությամբ: Մի օր Ա-ի հեռանալուց հետո գիշերային ժամի բնակարանի դուռը թակել են ու դրսից բանալիով բացել, մտածել է, որ Ա-ն է վերադարձել, ներսից բացել է դուռը: Ա-ի փոխարեն ներս է մտել անծանոթ, մոտ 35 տարեկան, բարձրահասակ մի տղամարդ, ներկայացել Մարատ անունով ու ասել, որ Ա-ն իրեն 50.000 ՀՀ դրամ գումար է պարտք եւ եկել է այդ գումարն իրենից ստանալու: Ա-ն իրեն ներկայացրել էր որպես սիրուհի:

Այդ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ ու ասել է, որ ինքը եկել է, որպեսզի սեռական հարաբերություն ունենա, որի հետեւանքով Ա-ի պարտքից 20.000 ՀՀ դրամ հանվելու է:

Դա Տ. Ա.-ի համար շոկ է եղել ու նա պահանջել է այդ տղամարդուն զանգել Ա-ին, քանի որ ինքը հեռախոս չի ունեցել: Վերջինս զանգահարել է Ա-ին եւ հեռախոսը փոխանցել իրեն: Ա-ն ասել է, որ իրեն նկուղում փակի տակ են պահում ու ինքը պետք է անի այն, ինչ իրեն կասեն:

Դրանից հետո շփոթված հեռախոսը փոխանցել է այդ մարդուն, ում Ա-ն ասել է, որ մի քանի հարված հասցնի իրեն, որից ինքը կթուլանա ու հանգիստ կկարողանա իր գործն անել:

Հետագայում ամուսինը Տ.Ա.-ին ասել է, որ պետք է կանգնի Կիեւյան փողոցի վրա եւ մարմնավաճառությամբ զբաղվի: Միաժամանակ ասել է, որ սկզբնական գինը 35.000 ՀՀ դրամ պետք է նշի, որը կարող է սակարկել մինչեւ 25-20.000 ՀՀ դրամ: Ընդ որում գումարը սկզբից պետք է վերցնի ու անմիջապես հանձնի իրեն, իսկ սեռական հարաբերությունը պետք է տեւի մոտ 30 րոպե: Ինքը սկսել է վիճել, սակայն Ա-ն ասել է, որ եթե չանի` երեխային չի տա, երեխայի կյանքին վտանգ կսպառնա: Ստիպված համաձայնել է ու իջել մեքենայից:

Քիչ անց իրեն է մոտեցել մի մեքենա, սկսել է գին պայմանավորվել` մոտ 25.000 ՀՀ դրամ, որը վերցնելով տվել է Ա-ին: Այնուհետեւ, գնացել են «Ժալյուզի» կոչվող հյուրանոց, որտեղ այդ անձնավորությունը կասկածել է, որ Տ.Ա.-ն մարմնավաճառ է, քանի որ այդ ընթացքում դողացրել է: Կինը պատմել է ամբողջը ու այդ անձնավորությունը հրաժարվել է իր հետ որեւէ կապ ունենալ: 30 րոպե անց կինը դուրս է եկել հյուրանոցից ու նստելով մեքենան, երեխայի հետ միասին գնացել են տուն:

Հենց նույն օրը իր տված գումարը Ա-ը պարտվել է խաղատանը: Մի օր Տ-ին հաջողվել է երեխայի հետ փախչել տնից եւ դիմել ոստիկանություն:

Քննելով գործը դատարանը վճռել է Ա. Մուրադյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ նրան դատապարտել ազատազրկման 10  տարի ժամկետով: