Ի սկզբանե պարզ էր, թե ինչի էին ուզում հասնել պատգամավորները, որոնք հանդես էին եկել Հայաստանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ` կապված ԵԽ նախարարների կաբինետում նախագահությունը ստանձնելու հետ: Սակայն հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ նրանց նախաձեռնությունը կտապալվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` պատգամավորները, որոնք նման նախաձեռնությամբ էին հանդես եկել, «ադրբեջանական խավիարա-սաղմոնային գումարների սիրահարների պատվավոր կոչման» կրողներ են. «Երբ այդ պատգամավորներից մեկը պահանջեց հարցը քննարկման դնել, բնականաբար, նրա առջարկությունը «պարտություն կրեց»: Ոչ ոք դրան լուրջ չմոտեցավ»:
Բացի այդ, Զոհրաբյանն ընդգծել է, որ վաղը էստոնացի պատգամավորը նիստի ժամանակ կներկայացնի զեկույց` «Կոռուպցիան` որպես օրենքի լիարժեք իշխանության հիմնական խոչընդոտ» թեմայով: Զեկույցի մի հատվածը նվիրված է հենց Ադրբեջանի «խավիարային քաղաքականությանը». «Կարծում եմ, որ վաղն այդ թեմայով բուռն քննարկումներ են լինելու»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատգամավորների մի խումբ ԵԽ ՆԿ-ում Հայաստանի նախագահության առնչությամբ կոչով է հանդես եկել: Փաստաթղթի տակ ստորագրել են մի խումբ պատգամավորներ Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Ֆինլյանդիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Իռլանդիայից: Փաստաթղթում նշվում է, որ ԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանին որպես նոր անդամ մոտավորապես 12 տարի առաջ: Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը, ակնկալում էին, որ հանուն ժողովրդավարության եվրոպական համաժողովում Հայաստանի անդամակցությունը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման արագացմանը: «Միջազգային հանրության մի շարք բանաձեւերում Հայաստանը հստակորեն բնորոշվել է որպես ագրեսոր-պետություն, որը բազմիցս քննադատվել է ռազմական ագրեսիայի համար, այդ թվում` Եվրոպայի խորհրդի կողմից: Այս հարցում Հայաստանի վերաբերմունքը լիովին հակասում է Խորհրդարանական վեհաժողովի հիմնարար սկզբունքներին»,-նշվել է փաստաթղթում, որի ընդունումը տապալվել է:




























