ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը իսկապես ժամանել է Մոսկվա որպես տարանցիկ ուղեւոր եւ չի հատել Ռուսաստանի պետական սահմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ համատեղ ասուլիսում:  Ավելին, նա հայտարարել է, թե Սնոուդենը դեռ գտնվում է տարանցման սրահում:

«Պարոն Սնոուդենն իսկապես ժամանել է Մոսկվա: Մեզ համար դա անսպասելի էր: Նա ժամանել է որպես տարանցիկ ուղեւոր: Նրան ոչ վիզա, ոչ էլ այլ փաստաթղթեր անհրաժեշտ չեն, նա, որպես տարանցիկ ուղեւոր, իրավունք ունի տոմս գնել եւ թռչել, ուր ցանկանում է: Ռուսաստանի հասցեին ցանկացած մեղադրանք հիմարություն եւ զրպարտություն է»,- նշել է Պուտինը:

Պուտինը նաեւ հավաստիացրել է, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունները երբեք չեն աշխատել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի հետ: Նա նշել է, թե որքան շուտ Սնոուդենը լքի Ռուսաստանի տարածքը եւ իր համար վերջնակետ ընտրի, այնքան լավ թե իր, թե Ռուսաստանի համար: