Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի ցանկանում մեկնաբանել մարզպետարանում պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ այդ հարցերով դիմենք իրավապահ մարմիններին կամ ստուգող կազմակերպություններին: «Քանի որ քրեական գործ է հարուցված,դիմիր հատուկ քննչական ծառայության, ես որեւէ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- ասաց նա:
Հարցին, թե որեւէ պաշտոնատար անձի ազատել է աշխատանքից, թե ոչ, նա պատասխանեց. «Ես որ որեւէ տեղեկատվություն չունեմ: Ինչ ասում եմ, ընդամենը դրանով բավարարվի: Ի՞նչ է նշանակում` աշխատանքից ազատել եք, թե ոչ, ես քո ազատ ժամանակը չունեմ, հաջողություն»: Կոտայքի մարզպետը չասաց նաեւ, թե իրեն ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում հարցաքննության կանչել են, թե ոչ. «Դե լավ, ծիծաղելի հարցեր ես տալիս, քեզ չի սազում»:
Նախկինում լրագրողների հետ քիչ թե շատ նորմալ շփվող մարզպետը իր նման չէր, չէր պատասխանում հարցերին, հանդիմանում էր, թե հարցերը տեղին չեն, երբ ընդամենը հետաքրքրվում էինք մարզպետարանում հնարավոր պաշտոնանկություններից. «Որեւէ տեղեկատվություն ես չեմ տիրապետում, եթե ես չեմ տիրապետում, ինչի պետք է մարդ ազատեմ աշխատանքից»,- ասաց Կովալենկո Շահգալդյանը:
Մեր դիտարկմանը, թե ինչու եք այդպես լարված, հնարավոր է այդ չարաշահումները ձեզ հետ են կապված, Կոտայքի մարզպետը նկատեց. «Ընդհակառակը տրամադրությունս շատ բարձր է, ուղղակի հիմա ես զբաղված եմ, վարսավիրանոցում նստած մազերս եմ հարդարում, որ սիրունանամ, հասկացա՞ր մնացածը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ: Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, ինչպես նաեւ նշված գործընթացում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թվականի մայիսի 03-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում:Կատարվում է նախաքննություն:




























