Հայաստանի Սահմանադրական դատարանը կասեցրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի հայցի քննարկումը՝ Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրություններն անվավեր ճանաչելու մասին հայցի քննությունը:
ՍԴ-ն մարտի 5-ին կայացած նիստում մերժել է Փաշինյանի ներկայացուցիչների միջնորդությունը՝ դատարանի դահլիճում ապահովել Փաշինյանի ներկայությունը եւ կասեցրել է գործի քննությունը՝ փաստաբաններ Վահե Հովսեփյանին եւ Վահե Գրիգորյանին հնարավորություն տալով հանդիպել ընդդիմադիր գործչին՝ քննարկելու հետագա մարտավարությունը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ից պահանջում է անվավեր ճանաչել թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրությունները, որոնց արդյունքում ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը: Ընդդիմության պնդմամբ՝ ընտրությունները թիվ 10 ընտրատարածքում անցել են համատարած կեղծիքների եւ բռնությունների պայմաններում:



























