Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածք ստացած հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը մինչեւ շաբաթվա վերջ կմնա հիվանդանոցում: Այս մասին գրում է«Ժամանակ» թերթը եւ հավելում. «Բուդաղյանների բարեկամները հաճախ են գնում Արտակ Բուդաղյանին տեսակցության: Արտակը գրեթե չի խոսում, հանգիստ պառկած է հիվանդասենյակում: Հարազատներն իրենք էլ տեղի ունեցածի մասին ոչինչ չեն խոսում:
«Ժամանակի» հետ զրույցում նրանք նշեցին, որ Արտակի առողջական վիճակը դեպի լավն է գնում: Նրանք չեն իմացել, որ Արտակին հարցաքննել են որպես վկա:
Հարազատների խոսքով՝ Սուրեն Խաչատրյանը չի կարող փրկել որդուն, քանի որ տեղադրված տեսանյութում ակնհայտ երեւում է, թե ինչպես է Սուրեն Խաչատրյանի որդին ատրճանակը ուսին գցած գնում-գալիս. «Ի վերջո՝ ակնհայտ է, թե ով է կրակում, ավելին՝ հետեւից կրակողն էլ չի երեւում, բայց փաստ է՝ ով է եղել տուժողը»,- ասացին նրանք:
Հիմա Սուրեն Խաչատրյանի ընտանիքը Գորիսում չէ: Կինը՝ Լորետան, զանգում է տան աշխատակիցներին եւ սպառնում, որ եթե ասել են՝ Ավետիք Բուդաղյանը խնդրել է օգնություն, ապա. «Փորձվել եք մի բան եք ասել, գամ՝ կտեսնեք, թե ձեզ ինչ եմ անելու»,- ասել է Լորետան:
Հարազատները վստահ են, որ Սուրեն Խաչատրյանը այդ տեսանյութը տեղադրել է՝ ցույց տալու համար, որ ինքն այնտեղ չի եղել:
Հարազատները պատմեցին, որ Լորետայի քույրը ապրում է Գորիսում, որի տնից հիմա ամեն երեկոյան ինչ-որ բաներ են տեղափոխվում: Իսկ արդեն Լիսկայի քրոջ թոռները «Ֆեյսբուքում» հերյուրանքներ են տարածում Բուդաղյանների հասցեին:
Նրանց խոսքով՝ Արտակը ամբողջ օրը սահման է պաշտպանում, թուրքի գնդակից նրան բան չեղավ, բայց հայի գնդակից վիրավորվեց: Եվ այն դիտարկումը, որ Արտակ Բուդաղյանին հնարավոր է դատեն, բարեկամների համար վիրավորական է...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























