Թուրքիայում նորից բողոքի ցույցեր են. ոստիկանությունը արցունաքաբեր գազով եւ ջրցան մեքենաներով ցրել է  Անկարայի ցուցարարներին: Հաղորդվում է տասնյակ բանտարկվածների մասին: 

Միաժամանակ, հազարավոր մարդիկ մասնակցել են Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ հրապարակի ցույցին: Մասնակիցները դժգոհություն են հայտնել  ցուցարարներից մեկին   սպանած  ոստիկանին մինչեւ դատը ազատ արձակելու որոշման կապակցությամբ: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ կրակոցը պատահական է եղել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Անկարայի ոստիկանությունը հունիսի 25-ին խռովություններին եւ բախումներին մասնակցած անձանց բնակարաններում խուզարկություններ է անցկացրել: Ձերբակալվել է 20 մարդ, սակայն խուզարկությունները շարունակվում են, եւ ձերբակալվածների թիվը կարող է աճել: 

Գործողությունն իրականացնում են անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները: Ցույցերի մասնակիցներից շատերը տարբեր կազմակերպությունների անդամներ են, որոնք Թուրքիայում  համարվում են ահաբեկչական, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մայիսի վերջին Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ առեւտրի կենտրոն կառուցելու նպատակով  «Գեզի» այգու ծառահատումը դարձել էր Ստամբուլում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ, որոնք այնուհետեւ քաղաքական երանգ էին ստացել: Ավելի ուշ հուզումներն ընդգրկել էին ողջ Թուրքիան: