«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը դատապարտում է Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին զենք վաճառելը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անուշ Սեդրակյանը։
«Մեծ եղբայրն է, ինչ կուզի, կանի։ Ես դատապարտում եմ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը։ Իսրայելի՝ Ադրբեջանին զենք վաճառելու դեպքում մենք ըմբոստանալու իրավունք չունեն, որովհետեւ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության պայմանագիր չենք ստորագրել իր հե»,- նշեց նա։ Անուշ Սեդրակյանը շեշտեց, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը ոչ թե առեւտրային գործարք է, այլ քաղաքական գործարք է, «երբ նավթ, գազ, կամ ոչխար վաճառեն,դա առեւտրային գործարք կլիներ, այժմ դա քաղաքական գործարք է, ինչը հակասում է մեր բոլոր պայմանագրերին, բարի մտադրություններին»։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, որ զենքը եւս ապրանք է, աշխատանքի արդյունք է։ «Եթե Ռուսաստանը զենք է մատակարարում, նշանակում է այդ զենքի օգտագործման, պահեստամասերի հետ կապված Ռուսաստանը անընդհատ պետք է Ադրբեջանին որոշակի խորհրդատվությոններ, ծառայություններ մատուցի, Ադրբեջանն էլ որոշակի պարտավորություններ է ունենալու։ Հիմա մեր ռազմավարական դաշնակցից է գնել այդ զենքը,թե որոշակի չեզոք երկրից, ինչո՞ւ ենք այս աղմուկը բարձրացնում, ասելով, որ տեղի է ունեցել առեւտրային գործարք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։



























