Ադրբեջանին Ստեփանակերտում իր դրոշը բարձրացնելու միակ հնարավորությունն է ընձեռվել: Դա հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու դեպքում: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն հայտարարություններին, որոնք խեղաթյուրում են պատմությունն ու փաստերը կամ խոստանում «դրոշ ծածանել», ուզում եմ միայն հիշնեմ` Ադրբեջանը միայն մի հնարավորություն ունի Ստեփանակերտում իր դրոշը բարձրացնելու: Դա ԼՂՀ ճանաչումն ու վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Եթե ԼՂՀ իշխանությունները համաձայնեն Ստեփանակերտում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության բացմանը եւ հակառակը, ապա երկու պետությունների դրոշները կծածանվեն դրանց մայրաքաղաքներում: Այնպես որ, Ադրբեջանի համար միակ ուղին ԼՂՀ շուտափույթ ճանաչումն է: Որքան շուտ դա արվի, այնքան ավելի արագ հնարավոր կլինի դիտարկել այդ հարցը»,-ընդգծել է Շավարշ Քոչարյանը:




























