Իշխանությունում երկրի ռեսուրսների շահագործման համար պայքար է սկսվել. եթե նախկինում ռեսուրսները բաշխվում էին կոալիցիոն ուժերի միջեւ, ապա ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո, իշխող Հանրապետական կուսակցությունը դրանք միանձնյա է շահագործում: Այս մասին հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով երկրում տեղի ունեցող վերջին ներքաղաքական իրադարձությունները:

«ԲՀԿ-ին հանեցին կոալիցիայից, քանի որ երկրի ռեսուրսները երկու կուսակցության չէին բավականացնի, իսկ հիմա միջկուսակցական պայքար է ընթանում դրանց շահագործման համար»,-հավելել է նա: Մարտիրոսյանի կարծիքով, Հայաստանի կառավարման համակարգը արմատական փոփոխությունների կարիք ունի:  Երկրում տեղի ունեցողը ցույց է տալիս, թե որքան թույլ է պետական համակարգը: Չնայած որ Մարտիրոսյանը հանձն չի առել պնդելու, թե հստակ որ ուժերի մեջ է պայքար ընթանում, սակայն նշել է, որ կողմերից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում ռեսուրսները միանձնյաեն կառավարվելու:

Այս համատեքստում Մարտիրոսյանը հիշատակել է 2012թ երկրի բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկումներրը, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի եւ ձեռներեց Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ սկանդալային պատմությունը, ինչպես նաեւ Վերահսկիչ պալատի ստուգումների վերաբերյալ քննարկումները: