«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր մարզային այցելությունները, ինչպես որ խոստացել է: Այս մասին հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ ամռան ընթացքում Հովհաննիսյանը եւ նրա գլխավորած կուսակցության ներկայացուցիչները կայցելեն երկրի բոլոր մարզերը:

Մարտիրոսյանի խոսքով` մարզերում նրանք մի շարք ներքաղաքական հանդիպումներ կանցկացնեն. «Մենք արդեն եղել ենք Սյունիքի մարզում, մասնավորապես, Գորիսում, որտեղ հանդիպել ենք Բուդաղյանների ընտանիքին եւ սկզբնաղբյուրներից որոշ տեղեկություններ ստացել: Եթե մենք դեռեւս մի քանի տարի առաջ լսեինք «Ժառանգության» անդամներին, Գորիսում նման բաներ տեղի չէին ունենա»:

Մարտիրոսյանը նաեւ ընդգծել է, որ անթույլատրելի է իրենց պաշտոններում թողնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մերձավորներին, քանի որ մարզում մթնոլորտը լարված կմնա եւ ստրկատիրական իրավիճակի կհանգեցնի, ինչպես Խաչատրյանի օրոք: Մարտիրոսյանի գնահատականներով` Գորիսի բնակիչները այժմ իրենց շատ ավելի ազատ են զգում, քան առաջ: