Ընթացիկ տարվա սկզբից Հայաստանի ԶՈւ շարքերում գրանցվել է մահվան 15 դեպք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով` 2 զոհ եղել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով, 2 հոգի մահացել է հիվանդություններից, 4 հոգի` դժբախտ պատահարներից: Մահվան մյուս դեպքերը կանոնադրային հարաբերությունների խախտման արդյունք են` սպանություն կամ ինքնասպանություն: Ինչպես Սաքունցն է ընդգծել, պրակտիկան ցույց է տալիս, որ վերոհիշյալ տվյալները կարող են լիարժեք պատկերը չներկայացնել: Այսպես, նախորդ տարի իրավապաշտպան կազմակերպությունը գրանցել է մահվան 50 դեպք, իսկ իրականում դրանց թիվը 54 է եղել: «Դա պարզ է դարձել ԱՄՆ Պետդեպարտամենտին ՊՆ կողմից տրամադրած զեկույցից»,-ընդգծել է Արթուր Սաքունցը:

Ընդ որում, նա մատնանշել է գործերի բացահայտմանն ուղղված քննչական մարմնի ոչ բավարար ջանքերը: «Հետաքննությունները հավուր պատշաճի չեն իրականացվում, մեղավորները պատիժ չեն կրում»,-եզրափակել է իրավապաշտպանը: