24-ամյա Արտուշ Պ.-ի սխալ տեղադրված գազասարքերի հետեւանքով մեկ քաղաքացի մահացել է, իսկ երկուսի առողջությանը պատճառել է ծանր վնաս: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: Արտուշ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Գյումրու մասնաճյուղում որպես փականագործ, մատուցել է սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություն, ինչի հետեւանքով անում սխալ տեղադրված գազասարքերի շահագործման ընթացքում տեղի է ունեցել ածխածնի մոնօքսիդի կուտակում: Պայթյունի հետեւանքով Հ.Ղանդիլյանը մահացել է, իսկ Մ.եւ Ա.Ղանդիլյանների առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որը անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 325 հոդվածի 1-ին մասով` իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը: Կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը: Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


























