ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բաանձեւի ընդունումից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները ամրացնելու եւ խորացնելու՝ նախագահ Բարաք Օբամայի մտադրությունը հարցականի տակ է, կարծում է The Financial Times-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ Օբաման Թուրքիա կատարած այցի ընթացքում Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները «գործընկերության համար օրինակելի էր» անվանել: Նա օրինակելի էր համարել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը իսլամական աշխարհի համար՝ նշում է թերթը: Սպիտակ տանը հրաշալի հասկանում են, որ Թուրքիան մեծացնում է իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցն է՝ ունենալով թվով երկրորդ բանակը: Բացի այդ, ըստ թերթի՝ նրա տարածքում ամերիկյան ռազմաբազաներ են տեղակայված: «ԱՄՆ-ը փնտրում է Թուրքիայի աջակցությունը Իրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցում»,- նշում է թերթը՝ միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ Օբաման իր ընտրությունից առաջ հայերին խոստացել էր ճանաչել Ցեղասպանությունը եւ չէր կատարել խոստումը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ եւ 22 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Թուրքիան ԱՄՆ-ից ետ է կանչել իր դեսպան Նամըք Թանին՝ «խորհրդատվություններ անցկացնելու նպատակով»: