Հունիսի 15-ին տնից դուրս եկած եւ 11 օր անց հայտնաբերված 88-ամյա Թամարա Արմենակյանը ծանր հիվանդ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը:

Նա նշեց, որ կինը 3-4 ամիս էր` կորցրել էր խոսելու ունակությունը, ուներ նաեւ հիշողության կորուստ, պարալիզացված էր մարմնի մի մասը եւ այդ ձեւով էլ որոշեց իր կյանքին վերջ տալ: Գյուղապետն ասաց, որ կինը իրեն նետել է գետը, այդքան օրեր նրան որոնել են, չեն գտել, քանի որ վերջինս ընկած է եղել երկու քարի արանքում, չէր երեւում եւ նույնիսկ գետը նրան չի քշել: «Մենք ուրիշ բաներ էինք կասկածում, որ կարող է նրան սպանած լինեն, վնասած լինեն, բայց այդպիսի բան չկա: Տեսել են, որ ինքը գնացել է կամուրջը անցել է, բայց ուշադրություն չեն դարձրել, հետո ման են եկել, չեն գտել, իրեն գցել է գետը»,- ասաց Մամիկոն Սմբատյանը:

80-ամյա կինը Շատին գյուղում ապրում էր որդու եւ հարսի հետ, մյուս երեխաները ամուսնացել են եւ ամեն մեկը տարբեր տեղերում է գտնվում: Գյուղապետը պնդում է, որ կնոջը տանը նորմալ են վերաբերել, շատ նորմալ հարաբերություններ են եղել: Տնից դուրս գալու օրը նա որեւէ կոնֆլիկտ չի ունեցել, իսկ որդին եւ հարսը քնած են եղել, այլապես, գյուղապետի խոսքով, եթե արթուն լինեին, չէին թողնի, որ տնից դուրս գա եւ գնա: «Ես մտածում եմ, որ տեսել է, որ այլեւս դեղերը իրեն չեն օգնում, դժվար հիվանդ է եղել եւ որոշել է իր կյանքին վերջ տալ, չեմ լսել, որ նեղացրած լինեն»,- ասաց Մամիկոն Սմբատյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Նրան հայտնաբերել են 11 օր անց` հունիսի 26-ին, ժամը 15.56-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ Եղեգիս գետում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել են, թե դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել դին: