ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իսկապես զանգահարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանին եւ ասել, որ Կոնգրեսի կողմից հայերի Ցեղասպանության բանաձեւի ընդունումը կարող է վնասել հայ-թուքական հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։

Քրոուլիի կարծիքով, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Օբաման պնդել է, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է շտապ վավերացվեն։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ շատ է աշխատել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Ինչպես նախագահը հայտարարել է, մենք կողմ ենք 1915 թ. իրադարձություններին առնչվող փաստերի ազատ, արդար եւ բաց ճանաչմանը»,- նշել է Քրոուլին՝ ավելացնելով, որ ամերիկյան կողմն անհանգստացած է «հայ-թուրքական գործընթացի դրական միտումի» վրա Կոնգրեսի որոշման հնարավոր բացասական ազդեցութան առնչությամբ։ «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանին, տեսնենք, թե ի՞նչ կանի Կոնգրեսը»,- նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե արհամարհո՞ւմ է Կոնգրեսը Սպիտակ տան խնդրանքները, Քրոուլին ասել է. «Մենք կոնկրետ խոսակցություն ենք ունեցել Կոնգրեսի հետ։ Կարծում եմ՝ նրանք լավ են հասկանում մեր դիրքորոշումը»։ Քրոուլին նաեւ նկատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իշխանության գալուց հետո Օբամայի վարչակարգի մոտ ի հայտ եկած առանցքային խնդիրներից է։