Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ընդդիմությանն առաջարկել է մասնակցել երկրում սահմանադրական փոփոխություններ մշակելու հարցով խորհրդակցությանը։

Երկուսուկես ժամից ավելի տեւողությամբ հեռուստաուղերձում Մուրսին հայտարարել է, որ արդեն հունիսի 27-ին սպասում է բոլոր կուսակցությունների առաջնորդներին՝ Սահմանադրական ժողովի նախագահին ընտրելու համար։ Նա նաեւ հայտնել է հանձնաժողով ստեղծելու մասին, որում ընդգրկված կլինեն հանրային անձինք, այդ թվում ՝ մահմեդական եւ քրիստոնյա կրոնավորներ։

Անդրադառնալով հունիսի 28-29-ին իր կողմնակիցների եւ հակառակորդների նախատեսած ակցիաներին՝ Մուրսին կոչ է արել բռնության չդիմել։

Նա նաեւ խոստովանել է, որ կառավարման ընթացքում սխալներ է գործել, բայց հիմնականում երկրի ապակայունության մեղքը բարդել է  կուռումպացված պաշտոնյաներին վրա։

Եգիպտոսի նոր Սահմանադրությունն ընդունվել էր 2012թ. վերջին։ Ըստ դիտորդների՝ տեքստը ազատական արժեքների, իսլամական դոգմաների եւ պետական սոցիալիզմի սկզբունքների հակասական համադրություն է։