Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներն ահազանգում են, որ «Լեռ - էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի մոտ պլաստմասե խողովակների միջով հոսով Գեղի գետն անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են, եւ խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը:

Բնապահպանների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներն  Լեւոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը եւ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այս օրերին գտնվում են Սյունիքի մարզում: Նրանք ահազանգում են, որ Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերեւ, «Լեռ - էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է հանք, որի հարստացուցիչ ֆաբրիկայից ներքեւ՝ ձորի մեջ, կառուցված է փոքր, անհասկանալի պոչամբար: Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ եւ անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են, եւ խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, թափոնաջրերն այս պահին գնում-լցվում են Գեղի գետը: 

Նախ հարց է առաջանում՝ ո՞ր նախարարությունը կամ պատկան մարմինն է թույլ տվել, որ նման հզորության գետը դրվի պլաստմասե խողովակների մեջ:

Երկրորդ, եթե տեղացիների փոխանցմամբ` 2013 թ. հունիսի 25-ի երեկոյան տեղի է ունեցել վթար, ինչո՞ւ հանքի աշխատանքները չեն դադարեցվել եւ ինչո՞ւ են աշխատանքները անարգել շարունակվում:

Ավելին, մեզ հայտնի չէ այն մասին, որ ընկերությունը մինչեւ այս պահը որեւէ ահազանգ է փոխանցել պատկան մարմիններին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ փորձ է արվում հերթական անգամ կոծկել հանքարդյունաբերական ոլորտի հետ կապված խոշոր թերացումները եւ շրջակա միջավայրին հասցվող վնասը:

ՀԲՃ-ն հայտնում է, որ կատարվածն ամբողջությամբ փաստագրված է տեսանյութերի եւ լուսանկարների ձեւով, ուստի պետական մարմինների կամ մասնավոր ընկերության կողմից տեղի ունեցածը կոծկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Բնապահպաններն ահազանգել են ԱԻՆ-ին՝ տեղյակ պահելով կատարվողի մասին: Այս հաղորդագրությամբ մենք նաեւ ահազանգ ենք փոխանցում ՀՀ Բնապահպանության նախարարությանը` անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, իսկ ՀՀ  Ոստիկանությանը ներկայացնում ենք հաղորդում հանցագործության մասին:

Կից կարող եք գտնել երկու լուսանկար` արված դեպքի վայրում, որտեղ պատկերված է, թե ինչպես են հանքի պոչամբարի թափոնաջրերը խողովակով լցվում ձորը, իսկ ձորից` մի փոքր ներքեւ գտնվող Գեղի գետ` աղտոտելով գետն ու շրջակա միջավայրը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնէլ էր, որ ըստ ԱԻՆ-ի, պլասմասե խողովակներն արդեն փոխարինվել են երկաթյա խողովակներով: