Մոսկվայում սպանված հայ խոշոր գործարար Հովիկ Մուրադյանի  սպանության գործով դեռ ձերբակալվածներ չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քրոջ որդին՝ Արտաշես Մխիթարյանը, ով Գեղարքունիքի մարզի Ծովասարի գյուղապետն է: Նրա խոսքով՝ կասկածյալների հստակ շրջանակ էլ չկա: Դիտարկմանը, թե որպես սպանության գլխավոր վարկած շրջանառվում է պարտքերի առկայությունը, նա նշեց, որ ինքը տեղյակ չէ եւ գործի մանրամասներին չի տիրապետում:

Իսկ ավելի վաղ  NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Մոսկվայի կենտրոնում հունիսի 11-ի երեկոյան, անհայտ անձը դանակի մահացու հարվածներ է հասցրել գործարարին, ով Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է: Սպանությունը տեղի էր ունեցել Lotte Plaza հյուրանոցի մոտ` Մոսկվայի կենտրոնում: Դիմակավորված տղամարդը հարձակվել է մոտ 50 տարեկան անձի վրա եւ դանակի հարվածներ է հասցրել: Դրանից հետո հանցագործը մեքենայով թաքնվել էր դեպքի վայրից: Հովիկ Մուրադյանը հյուրանոցում հանդիպման էր եկել: Երբ Մուրադյանը դուրս էր եկել մեքենայից, նրան խակի գույնի հագուստով տղամարդ էր մոտեցել: Հասնելով գործարարին` հանցագործը դանակի երկու հարված էր հասցրել: Հովիկ Մուրադյանը 90-ականների սկզբին եղբոր հետ հիմնադրել էր «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունը:

Վերջին անգամ եղբայրները Հայաստան էին եկել ամիսներ առաջ՝ իրենց մոր հուղարկավորությանը մասնակցելու համար: