«Ռան ՕՅԼ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանի որդիները 2 հազար դրամի խնդիր չունեն, որ տաքսու վարորդին չվճարեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռան ՕՅԼ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը՝ հավելելով, որ իր որդի ներկայացող օրինախախտն, իրականում, իր որդին չէ:
«Ո՞վ չի ուզենա ասի. «Հա, էսինչ մադու տղեն եմ», որ այդ մարդն էլ ստիպված ցանկանա նրան օգնել: Բայց այդ տղան ինձ հետ կապ չունի: Ես ըտենց տղա չունեմ: Ինչպես նշել էի, երկու որդի ունեմ, որոնցից մեկը դպրոցում է սովորում, իսկ մեծը բանակում է ծառայում»,- հավաստիացրեց գործարարը:
Նա նշեց, որ այդ տղան կարող է նաեւ արյուն հանձնել, քանի որ «միլիարդ տոկոսով նման բան չկա»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 21-ին Սայաթ-Նովա փողոցում տաքսու վարորդին ծեծի ենթարկած Արմեն Գալուստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Վերջինս բենզին Ռուբոյի՝ «Ռան ՕՅԼ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանի որդին է, ով տաքսու վարորդի 2000 ուղեվարձը չէր վճարել: Մեկ օր անց փողոցում հանդիպելով Արման Գալուստյանին` տաքսու վարորդը հիշեցրել էր չվճարած 2000 դրամի մասին, ինչից հետո վերջինս մոտեցել էր ու երկաթով հարվածներ էր հասցրել վարորդի գլխին: Տարածքում գտնվող ոստիկաններին չէր հաջողվել նույն օրը հայտնաբերել Ա.Գալուստյանին:
Հունիսի 27-ին Արման Գալուստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգքրի 117 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արման Գալուստյանը վերջին շրջանում նմանատիպ արարք մեկ անգամ էլ է թույլ տվել եւ երկու գործով մի անգամից քրեական գործ են հարուցել: Արման Գալուստյանը ստորագրությամբ բաց է թողնվել: NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Ռոբերտ Գալուստյանն ինքն է դեպքի օրը զանգահարել ոստիկանություն` բարեխոսելով Արման Գալուստյանի համար: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել էր, թե իրեն զանգահարել եւ հայտնել են, որ մի երիտասարդ ոստիկանությունում ներկայացել է որպես «Բենզին Ռուբո»-ի որդի` սակայն նա ասել է, որ նման որդի չունի:



























