ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը պատասխանել է քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փետրվարի 3-ի նամակին: Հիշեցնենք, որ խումբը խնդրել էր միջամտել դատապարտյալներ Մ.Հ.-ի և Հ.Վ.-ի առողջության հետ կապված ՀՀ ԱՆ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու հարցում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նշում է նախարարության մամուլի ծառայությունից, Արդարադատության նախարարի պատասխան նամակում նշված է, որ այդ խնդրի հետ կապված որոշվել է կազմակերպել լրացուցիչ հետազոտություն։ «Իմ կողմից երկու անձանց վերաբերյալ էլ գործընթացները վերցված են հսկողության տակ»,- նշված է նախարարի նամակում:
Ըստ այդմ, 2010թ. փետրվարի 16-ին դատապարտյալ Հ.Վ.-ն լրացուցիչ հետազոտվել է «Գապեկս» ակնաբուժական կլինիկայում, ինչից պարզ է դարձել, որ Հ.Վ.-ի հիվանդության ախտորոշումը համապատասխանում է «Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների» ցանկին:
Ինչ վերաբերում է դատապարտյալ Մ.Հ.-ին, ապա նա 2010թ. փետրվարի 3-ին նախ հրաժարվել, ապա 20 օր անց համաձայնել է լրացուցիչ հետազոտություն անցնել։ Արդարադատության նախարարի նամակում նշված է, որ իր օգնականը հանդիպել է Մ.Հ.-ի հետ։ Նա հայտարարել է, որ ոչ թե հրաժարվել է բժշկական զննությունից, այլ նախապես իրեն չեն հայտնել բժշկական հետազոտության մասին:
Նշենք, որ դատապարտյալ Մ.Հ.-ն տառապում է ուռուցքային հիվանդությամբ (երիկամային երակի ուռուցքային թրոմբ), իսկ Հ.Վ.-ն տեսողության լուրջ խնդիրներ ունի (բարդացած կատարակտով):



















