Մատենադարանի նոր շենքում մեծ ընթերցասրահներ են նախատեսված, որտեղ այցելուները կարող են հետազոտել ձեռագրերը թվայնացված տեսքով: Այդ մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցին հայտնել է Մատենադարանի տնօրենի բարձր տեխնոլոգիաների եւ հրատարակչության գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանը: Նրա խոսքով, Մատենադարանի նոր շենքի բացումը նախատեսված է եկող տարվա սկզբին: «Նոր շենքում հնարավորություններն ընդլայնվելու են, եւ հատուկ համակարգչային գրադարանում հնարավոր կլինի կարդալ անհրաժեշտ գրականությունը»,- նշել է խորհրդականը՝ հավելելով, որ թվայնացված ձեռագրերի պատճենահանումը բացառված է:
Գասպարյանի խոսքով, ընթերցողները կամ հետազոտողները հնարավորություն կունենան Մատենադարանի կայքում ծանոթանալ թվային կատալոգի հետ եւ պատվիրել թվայնացված ձեռագիրը, սակայն ձեռագրի ուսումնասիրումը հնարավոր է միայն Մատենադարանի տարածքում:




























