ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական մեծամասնությունը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման ժամանակ մերժել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ այդ կերպ նախադրյալներ ստեղծելով Կոնգրեսում բանաձեւի ընդունման համար: Նման կարծիք է հայտնել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը:

«Մեզ համար, որպես հայկական ծագումով ամերիկացիների, կարեւոր է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարողանա կանխել նման հանցագործությունների կրկնությունն ապագայում: ԱՄՆ արտաքին քաղաքականության համար բարոյականության վրա հիմնվելը միշտ էլ մեծ արժեք է եղել: Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, նաեւ ողջ հանձնաժողովը հստակ ցույց տվեցին, որ ճշմարիտ գործի համար ցանկացած պահ էլ հարմար է»,- հայտարարել է Խաչիկյանը: