Ֆրանսիայում լույս է տեսել Petit Fute զբոսաշրջային տեղեկատուի 2013թ. արդեն վեցերորդ հրատարակությունը՝ նվիրված Հայաստանին: Դրանում Լեռնային Ղարաբաղը (Արցախ) առանձին գլխով է ներկայացված:
Petit Fute-ը ամենամսյա տեղեկատու է՝ նախատեսված ֆրանսիացի եւ ֆրանսալեզու զբոսաշրջիկների համար: Դրա էջերում կարելի է հետաքրքիր եւ օգտակար տեղեկություն քաղել այս կամ այն երկրի կամ քաղաքի զբոսաշրջային ենթակառույցի մասին:
Լեռնային Ղարաբաղի մասին գլխում ներկայացված է երկրում զբոսաշրջության զարգացումը, համապատասխան ենթակառույցների ստեղծման գործընթացը:
Տեղեկատուն ընթերցողներին ծանոթացնում է Արցախի պատմությանը, բնությանը եւ ճարտարապետությանը: Նաեւ համառոտ ներկայացվում է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտությունը, 20-ամյա բանակցային գործընթացը եւ դրանում ԵԱՀԿ-ի դերը: Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել Ստեփանակերտ, Շուշի, Գանձասարի վանական համալիր, Տիգրանակերտի թանգարան, Ասկերանի բերդ, Դադիվանքի հնագույն եկեղեցի եւ այլն:
Տեղեկատուում համառոտ տեղեկատվություն կա Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մասին: Ներկայացված է հյուրանոցների, ռեստորանների, Երեւանից Ստեփանակերտ տրանսպորտային տեսակների ցուցակը՝ արժեքով եւ երթուղու տեւողությամբ հանդերձ: Շուշիի բաժնում տեղեկատվություն կա քաղաքի պատմության, կրթամշակութային օբյեկտների, հյուրանոցների, զբոսաշրջային ենթակառույցների մասին:
Տեղեկատուում կարելի է նաեւ տեղեկատվության գտնել ԼՂՀ տարածք մուտք գործելու կարգի վերաբերյալ:





























