Թուրքական կողմը ՄԱԿ-ի վրա ազդելու միջոցով փորձում է հասնել Ժնեւում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղափոխմանը, տեղեկացնում է  «Nouvelles d'Arménie»-ն:

Հուշարձանի տեղադրման աշխատանքները դադարեցնելուն ուղղված լոբբինգ է արվում թուրքական կողմից: ՄԱԿ-ի Ժնեւյան ներկայացուցիչները միջամտել են եւ շվեյցարական իշխանություններին խնդրել կանխել հուշարձանի տեղադրումը: Ներկայումս իշխանությունները քննարկում են հուշարձանների տեղափոխման հնարավորությունը:

«Neue Zürcher Zeitung»-ում հրապարակված Մարկուս Հեֆլիգերի հոդվածում ասվում է, որ Ժնեւում  ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավարը հանդիպում է ունեցել  Ժնեւի քաղաքային խորհրդական Սամի Կանաանի հետ  եւ իր առաջարկությունները ներկայացրել նախագծի վերաբերյալ:

Կանաան ասել է, թե «գլխավոր քարտուղարը սկզբունքորեն դեմ չէ հուշարձաներին, սակայն դեմ է Ազգերի պալատի հարեւանությամբ  նրա տեղակայմանը»: Պատճառը, քաղաքային խորհրդականի կարծիքով, միջազգային կազմակերպության ներսում զանգվածային կոտորածների որակավորման վերաբերյալ վեճն է:

Հուշարձանը պետք է կանգնեցվեր «Արիանա» այգու տարածքում, որը գտնվում է ՄԱԿ-ի ներկայացուցչության հարեւանությամբ: Հուշարձանի տեղադրման մասին որոշումն ընդունվել էր 2008 թ-ին: «Neue Zürcher Zeitung» -ը նշում է, որ ինչպես միշտ, երբ խոսքը հայկական հարցի մասին է լինում, թուրքերը ուժեղ ճնշում են սկսում գործադրել եւ ոչ միայն ՄԱԿ-ի վրա: Համաձայն մի շարք աղբյուրների` Թուրքիան բողոք է հայտնել նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային  դեպարտամենտին:

Նման ճնշման հետ բախվելով` քաղաքային իշխանությունը որոշել է վերանայել հարցը: Քննարկվում են բոլոր հնարավորությունները, այդուհանդերձ, հուշարձանի վայրի տեղափոխումը «բարդ է» թվում:

Լրագրողների խոսքով` հայկական լոբբին եւս մեծացնում է  ճնշումը: Հայաստան- Շվեյցարիա խորհրդարանական խումբը նամակ է գրել քաղաքային իշխանություններին` նշելով, որ ՄԱԿ-ի շենքի կողքին հուշարձանի տեղակայումը լավագույն տարբերակն է, քանի որ այդ  հուշարձանի ուղերձը համընդհանուր է: Այն խտացնում է «20-րդ դարում մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունները»:

Հրեական եւ քրդական կազմակերպությունները նույնպես իրենց համերաշխությունն են հայտնել հայերին:

Հուշարձանը կազմված է փողոցային ինը լապտերներից, որտեղ լամպերը փոխարինված են պողպատե արցունքներով: Հայաստանի մասին հիշատակումն ակնհայտ է լինելու, քանի որ դրանց վրա հայերեն գրառումներ պետք է լինեն, թեեւ Թուրքիայի մասին ոչինչ չկա եւ «ցեղասպանություն» բառը եւս ոչ  մի տեղ չի շոշափվում: