ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան սիրով համաձայնեց պատասխանել NEWS.am-ի հարցերին՝ կապված, մասնավորապես, ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների ներկա փուլին ու հեռանկարներին` հրապարակված մադրիդյան սկզբունքների լույսի ներքո:

Պարոն Բրայզա, արդեն հրապարակված մադրիդյան սկզբունքներից որո՞նք են, որի շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերը լիարժեք համաձայնության են եկել, եւ որոնք են, որոնց շուրջ համաձայնություն չի կայացել:

Իմ կողմից այնքան էլ տեղին չի լինի բացահայտել կողմերի տեսակետները Հիմնարար սկզբունքների առանձին էլեմենտների վերաբերյալ: Առավել եւս, որ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ»: Հիմնարար սկզբունքները երբեք ամբողջությամբ կամ մանրամասնորեն չեն հրապարակվել:

Այնուամենայնիվ, 2009 թվականի հուլիսի 10-ին նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի համատեղ հռչակագրի հետ հրապարակված տեղեկանքը, պատկերում է շրջանակային համաձայնագրի հիմնարար հիմքը, որոնք ներկայացված են Հիմնարար սկզբունքներում: Ես հավատում եմ, որ տվյալ հիմնարար հիմքը ընդունելի է երկու կողմերի համար: Համանախագահները ինտենսիվ աշխատանք են տանում հակամարտող կողմերի հետ, որպեսզի վերջնական տեսքի բերեն համաձայնագիրը` հիմնարար կմախքի մնացած դետալների մասով:

Հիմնարար սկզբունքներով հաստատված շրջանակները արդարացի են ու օգտակար հետագա աշխատանքի համար: Դա արդյունք է ավելի քան 4 տարի տեւող բանակցային գործընթացի: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԳ նախարարը արժանի են լուրջ գովեստի` իրենց իշխանության տարիներին բանակցություններում ունեցած կառուցողական մոտեցման համար: Նրանք համագործակցել են ինտենսիվ բանակցություններին ու Հիմնարար սկզբունքներին հաջորդող հիմքը գցելուն, որին մենք հիմա մոտենում ենք: Նախագահ Սարգսյանն ու ԱԳՆ ղեկավար Նալբանդյանը անցած մեկ տարում զգալի ավանդ են ներդրել կողմերի միջեւ առկա հակասությունների շրջանակը նեղացնելու գործում: Դրանք լարված բանակցություններ էին, որոնց ընթացքում յուրաքանչյուր կողմը ինտենսիվորեն ու հմտորեն պաշտպանում էր իր ազգային շահերը, սակայն այդուհանդերձ, գտնելով առաջընթացի ուղին: Ոչ ոք կողմերի վրա ճնշում չի գործադրում: Ավելի շուտ, Երեւանն ու Բաքուն խրախուսում էին միմյանց բանակցություններում առաջընթացի հասնելու գործում:

Ինչո՞ւ մադրիդյան սկզբունքներում ԼՂ կարգավիճակին վերաբերող կետում չի օգտագործված «ռեֆերենդում» բառը, այլ խոսք է գնում «կամարտահայտության» մասին: Դուք այդ տերմինների մեջ տարբերություն տեսնո՞ւմ եք, եւ ո՞րն է տարբերությունը:

Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում «ռեֆերենդումի», «պլեբիսցիտի» եւ «կամարտահայտության» միջեւ: Այդ բոլորը էվֆեմիզմ է: (էվֆեմիզմը` մեղմասացությունը, դա ցանկացած անթույլատրելի կամ անցանկալի բառի կամ արտահայտության փոխարինումն է առավել կոռեկտ բառով, խուսափելու համար ուղիղ անվանել այն ամենը, ինչը կարող է բացասական զգացումներ առաջ բերել, ինչպես արտահայտվողի, այնպես էլ զրուցակցի մոտ, ինչպես նաեւ նպատակ ունենալով քողարկել իրականության որոշակի փաստեր. NEWS.am):

Հնարավո՞ր համարում եք, որ այդ «կամարտահայտության» կիրառման արդյունքում Ղարաբաղը դառնա անկախ միավոր: Եթե այո, ապա այդ դեպքում ինչպե՞ս է ապահովվելու մարդիդյան սկզբունքներում առկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթը:

Իմ կողմից ճիշտ չէր լինի փորձել հուշել բանակցային գործընթացի արդյունքները, որի ընթացքում դեռ պետք է սահմանվի քվեարկության տրամաբանությունը (մոդալությունը)` Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցով: Էլ ավելի դժվար է մեկնաբանել քվեարկության հնարավոր արդյունքը:

Հիմնական գաղափարն այն է, որ մենք մոտենում ենք Հիմնարար սկզբունքների ամբողջացմանը, որոնք ուրվագծում են խաղաղ կարգավորումը, որոնք էլ իրենց հերթին հավասարակշռում են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները` ուժի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ:

Ո՞ւմ պահանջով կամ ցանկությամբ էր, որ ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից: Ե՞րբ դա տեղի ունեցավ եւ ե՞րբ է հնարավոր, որ Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին:

1998 թվականին Հայաստանի նախկին ղեկավարությունը որոշեց բանակցել Ղարաբաղի անունից, փոխանակ թույլ տալու Ղարաբաղի պաշտոնական դեմքերին անձամբ նստել բանակցային սեղանի շուրջ: Ղարաբաղի իշխանությունները կվերադառնան Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին ուղիղ մասնակցության այն ժամանակ, երբ Բաքուն ու Երեւանը այդ կարեւոր հարցում կհասնեն համաձայնության: Մենք` համանախագահներս, ակնկալում ենք, որ այդ իրադարձությունը կլինի այն պահին, երբ Հիմնարար սկզբունքները վերջնականապես համաձայնեցված կլինեն: Ինչպես արդեն ասվել է, Ղարաբաղի իշխանությունների տեսակետը արդեն Մինսկի գործընթացի կարեւոր տարր է: Համանախագահները պարբերաբար հարցնում են Ստեփանակերտի դիրքորշումը եւ դա ի գիտություն են ընդունում պաշտոնական բանակցություններում: Մենք գիտակցում ենք երկարաժամկետ համաձայնության անհնարինությունը, եթե այն հաշվի չառնի ԼՂ-ում բնակվող մարդկանց մտահոգություններն ու չպաշտպանի նրանց կենսական շահերը: Դա տրամաբանության ու բարոյականության հարց է:

Ըստ մադրիդյան սկզբունքների, ո՞ր տարածքներն են վերադարձվելու Ադրբեջանին, ի՞նչ հերթականությամբ: Ի՞նչ է դրա դիմաց ստանալու հայկական կողմը:

Ինչպես վերջերս նկատեց նախագահ Ալիեւը՝ ռուսական հեռուստատեսության եթերում, Հիմնարար սկզբունքները ենթադրում են Ղարաբաղը շրջապատող բոլոր 7 շրջանների վերադարձ Ադրբեջանի ենթակայության ներքո: Միաժամանակ, դրանցից 5-ը կամ 6-ը կվերադարձվեն անմիջապես, իսկ մեկը կամ երկուսը` ավելի ուշ: Այդ հետաձգումը նկատի է առնում ԼՂ-ում ապրող մարդկանց անվտանգության խնդիրները:

Հայկական զորքերը դուրս քաշելուց հետո այդ տարածքներում ի՞նչ ռեժիմ է գործելու, ո՞վ է զորքեր մտցնելու, այդ զորքերը ի՞նչ սպառազինություն են ունենալու, հնարավորություն ունենալո՞ւ են ադրբեջանական ոստիկանական ուժերը վերադառնալ այդ տարածքներ եւ ինչ սպառազինությամբ:

Դրանք կլինեն միջազգային խաղաղապահ ուժեր: Բացի այդ, զինված կոնտինգենտը պետք է ներկա լինի, որի նպատակն է ապահովել այդ 7 շրջաններում (ԼՂՀ-ն շրջապատող շրջաններում. NEWS.am) եւ Ղարաբաղում բնակվողների անվտանգությունը, մարդու իրավունքներն ու օրենքի տառի պահպանումը` անկախ նրանց ազգային պատկանելությունից:

Մինչեւ ԼՂ կարգավիճակի վերջնական որոշումը, ի՞նչ միջանկյալ կարգավիճակ պետք է ունենա Ղարաբաղը: Արդյո՞ք դա ենթադրում է որեւէ կապ Ադրբեջանի իշխանությունների հետ եւ ինչպիսի՞:

ԼՂ «միջանկյալ կարգավիճակի» հստակեցմանն ուղղված բանակցությունները դեռ գործընթացի մեջ են եւ դրանց արդյունքն անհրաժեշտ կլինի խաղաղության մասին պայմանագրի ստորագրման պահին: Մեր նպատակն է պահպանել «ստատուս-քվոն»-ն, որը ենթադրում է, որ ԼՂ ժողովուրդը պետք է իրեն անվտանգ զգա եւ հնարավորություն ունենա բոլոր ասպեկտներով ղեկավարել իր կենսագործունեությունը, այդ թվում նաեւ քաղաքական, տնտեսական, իրավական եւ մշակութային տարրերը: