Չնայած երեւանյան վատ եղանակին՝ հայուհիները առավոտվանից արթնացել են բարձր տրամադրությամբ եւ եթե ոչ եղանակից, ապա տղամարդկանցից հաճելի անակնկալներ ստանալու սպասումով։ Բայց ամեակարեւորն այն է, որ օրվա ավարտին մեր կանայք հիասթափություններ չունեն։
Ինչպես հաջողվել է պարզել NEWS.am-ի թղթակցին, ազգի ընտրյալները արդեն հասցրել են շնորհավորանքներով եւ նվերներով ուրախացնել իրենց կանանց՝ այս կերպ օրինակ ծառայելով իրենց ընտրողների համար։ Այսպես, ԱԺ փոխնախագահ հանրապետական Սամվել Նիկոյանը շնորհավորել է կնոջը եւ դստերը։ Իդեպ, Նիկոյանը բավականին տնտեսվար տղամարդ է եղել եւ դանակների հավաքածու է նվիրել կնոջը։
Իսկ ահա Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը մեծահոգություն եւ նրբանկատություն է ցուցաբերել ոչ միայն իր կնոջ նկատմամբ։ Առավոտյան շնորհավորելով եւ ծաղիկներ նվիրելով կնոջն ու աղջկան՝ Տ. Կարապետյանը շտապել է շնորհավորել նաեւ սիրուց եւ ջերմությունից զրկված այլ կանանց։ Ժողովրդական կուսակցության նախագահը եղել է կանացի գաղութներից մեկում եւ շնորհավորել ու ծաղիկներ նվիրել այնտեղ գտնվող 200 կանանց։ Երեկոյան նա կշնորհավորի եւ ծաղիկներ կնվիրի նաեւ ԱԼՄ հեռուստաընկերության 60 աշխատակցուհիներին։
Ծաղիկների եւ նվերների տեսակետից շռայլ են գտնվել նաեւ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը եւ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։ Վարդան Այվազյանն, օրինակ, տարբեր նվերներ է պատրաստել ոչ միայն կնոջը եւ աղջկան, այլ նաեւ ծանոթ այլ կանանց։ Երեկոյան Այվազյաների ընտանիքը մարտի 8-ը կնշի բարեկամների շրջանակում։
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը, բացի շնորհավորանքներից եւ ծաղիկներից, իր սիրելի կնոջն ուրախացրել է նվերով, որը, նրա խոսքով, շատ է դուր եկել վերջինիս։ Երեկոյան նա մտադիր է կնոջը տոնական ընթրիքի հրավիրել։
Ի հակադրություն բոլոր վերոնշյալ պետական այրերի՝ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ չի ընդունում մարտի 8-ը եւ նախապատվությունը տալիս է ապրիլի 7-ին։ Նա նաեւ խոստովանել է, որ չի սիրում տոներին պարտադրված կերպով ծաղիկներ նվիրել։
Նրբանկատությամբ այսօր աչքի են ընկել ոչ միայն ազգի ընտրյալները, այլ նաեւ կին պատգամավորների ամուսինները։ Այսպես, ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն առավոտյան շնորհավորանքներ եւ ծաղիկներ է ստացել ամուսնուց եւ երեխաներից։ Նա նշել է, որ իրենց տանը տոնական մթնոլորտ է տիրում, որը, ինչպես հոււյս է հայտնել Նաղդալյանը, կշարունակվի մինչեւ երեկո։
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւս առավոտյան ծաղիկներ է ստացել ամուսնուց, ինչը նրան շատ է ուրախացրել։


























