Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-11-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհուրընկալի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրներ: Ի պատիվ Հայաստանի նախագահի` Ֆրանսիայի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաեւ մամուլի ասուլիսով:

Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ:

ՀՀ նախագահը Փարիզում հանդիպում կունենա նաեւ ֆրանսահայ համայնքի նշանավոր գործիչների հետ, կայցելի «Matignon» ցուցասրահ, որտեղ հռչակավոր նկարիչ Ժանսեմի ուղեկցությամբ կդիտի նրա նկարների հավաքածուն:

Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա միջազգային մի քանի լրատվամիջոցների:

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մարտի 11-ին: