Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկումը եւ ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վտանգավոր է հայերի համար, քանի որ այդ գործընթացը քաղաքականացված է եւ ակնհայտորեն կապված է արձանագրությունների վավերացման հետ։ Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նա նշեց, որ այդ գործընթացը հնարավոր է հանգեցնի թուրք-ռուսական դաշինքի ստեղծմանը, ինչը, քաղաքագետի համոզմամբ, անցանակալի անդրադարձ կունենա Հայաստանի վրա։
«Իմ կարծիքով, Ցեղասպանության ճանաչման խնդիրը կապված է բարոյականության, արդարության վերականգման հետ, չի կարելի այն կապել այսօրվա քաղաքական գործընթացներին։ Դա բացասական երեւույթ է, եւ ԱՄՆ-ի այսօրվա վարչակազմը լուրջ սխալ է գործում՝ փորձելով այս գործընթացները միմյանց կապել»,- հավելեց Գրիգորյանը։



























