Հայաստանը Թուրքիայի հետ խնդիրները պետք է լուծի երկխոսության միջոցով, առանց երրորդ երկրների միջամտության։ Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ նշելով սկբունքներից մեկը, որով, քաղաքագետի կարծիքով, Հայաստանը պետք է առաջնորդվի հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլում։ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, պետք է տարանջատել նաեւ Թուրքիայի հետ հաշտեցման խնդիրը՝ առօրյա քաղաքական-դիվանագիտական խնդիրներից։ Քաղաքագետի կարծիքով, Հայաստանը պետք է առաջինը վավերացնի արձանագրությունները՝ չկապելով դրանք Թուրքիայի խորհրդարանի քայլերի հետ։

«Մենք պետք է նաեւ համբերատար լինենք։ Չի կարելի անընդհատ շարժման մեջ գտնվել։ Մտանք գործընթացի մեջ պետք է ցույց տանք, որ հետեւողական ենք, այդ գործընթացից հետ չենք կանգնում»,-նշեց Գրիգորյանը։

Քաղաքագետը հավատացած է նաեւ, որ վաղ թե ուշ արձանագրությունները կվավերացվեն։

«Թուրքիան ձգձգում է արձանագրությունների վավերացումը, առավելագույնը կորզելու համար ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլեւ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից , ինչպես նաեւ իր դերը տարածաշրջանում մեծացնելու համար»,-հավելեց վերլուծական կենտրոնի նախագահը։