Ռուսաստանն օգտագործում է Վրաստանը՝ դեպի Հայաստան ռազմական բեռներ տեղափոխելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ախալի թաոբա» թերթը, հայտարարել է "Կանաչների կուսակցության առաջնորդ Գիորգի Գաչեչիլաձեն: Նրա խոսքով, «Վերին Լարս» անցակետի բացումը 2006թ. ստորագրված համաձայնագրի մասն է, ըստ որի՝ Վրաստանի տարածքն օգտագործվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կարիքների համար բեռներ տեղափոխելու նպատակով:
Գաչեչիլաձեն նշում է, որ համաձայնագրում հստակ ասված է, թե դա արվում է Հայաստանում տեղակայված 106-րդ ռուսաստանյան ռազմակայանի կարիքների համար:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է Գրուզիա Online-ը, 2006թ. ստորագրված համաձայնագիրը ներկայումս չի գործում, քանի որ «Վերին Լարս» անցակետը կարգավորվում է այլ համաձայնագրով՝ ստորագրված Շվեյցարիայի միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին՝ համարյա չորսամյա ընդմիջումից հետո «Վերին Լարս» անցակետը կրկին վերսկսեց իր գործունեությունը: Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, Ադրբեջանն անհապաղ արձագանքելու է, եթե Ռուսաստանը Վրաստանի տարածքով զենք տեղափոխի Հայաստան:



























