Ուկրաինայի ԱԳՆ-ում շտապ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ քննելու Ստամբուլում երկրի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումից հետո անվտանգության ուժեղացման եւ աշխատանքի վերականգման հարցերը: Նման հանձնարարական, ըստ RBC-Ուկրաինայի, տվել է Ուկրաինայի արտգործնախարար Պյոտր Պորոշենկոն:

Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, մարտի 9-ին Ստամբուլում Ուկրաինայի հյուպատոսարան է ներխուժել ատրճանակով զինված Թուրքիայի մի քաղաքացի, որը մի քանի անգամ կրակել է աշխատակիցների ուղղությամբ:

Աշխատակիցը պատասխան կրակ է բացել՝ վիրավորելով եւ վնասազերծելով հարձակվողին: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին:

Հյուպատոսարանի տարածքում ներկայումս աշխատում է հակաահաբեկչական խումբը՝ Ստամբուլի ոստիկանապետի գլխավորությամբ:

Ոկրաինական հաստատության աշխատակիցները էվակուացվել են: Վիրավորներ չկան:

Հանցագործի դրդապատճառների մասին NEWS.am-ն արդեն հայտնել է: Համաձայն թուրքական լրատվամիջոցների, նա խնդիրներ է ունեցել իր ուկրաինուհի կնոջ հետ: Այլ վարկածով՝ թուրքը կտտանքների է ենթարկվել ուկրաինական ոստիկանության կողմից եւ ցանկացել է վրեժ լուծել:

Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը NTV-ի ուղիղ եթերում հայտարարել է, թե միջադեպը քաղաքական երանգավորում չունի: