Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցությունը խնդրում է 3 օրով դադարեցնել խորհրդարանի երկու պալատների աշխատանքները:
Ռենատո Բրունետտան ասել է, որ աշխատանքի դադրեցումն անհրաժեշտ է, քանի որ կուսակցությունը մտադիր է վեհաժողով անցկացնել` քննարկելու Բեռլուսկոնիի եւ Mediaset-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Mediaset-ի գործը ամենամեծ աղմուկը հանած դատական գործընթացներից է, որը կապված է Բեռլուսկոնիի անվան հետ: Հետաքննության տվյալներով` Mediaset-ի ղեկավարությունը 2002-2005թթ ընթացքում զբաղվել է ֆինանսական մեքենայություններով` Իտալիայում ամերիկյան ֆիլմերի ցուցադրության իրավունքները գնելիս: Նախկին վարչապետի իրավաբանները հունիսի 19-ին բողոքարկել են միլանյան դատարանի երկրորդ ատյանի որոշումը` կապված 4 տարի ազատազրկման հետ, որոնցից 3 տարին ի չիք էր դարձել 2006-ին հայտարարված համաներման շրջանակներում:





























