Օրենսդրական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր արտաքին քաղաքական քայլ կլինի Սեւծովյան ավազանում Ուկրաինայի՝ տարածաշրջանային առաջնորդ դառնալու ճանապարհին: Կիեւ-Երեւան-Սոֆիա եռանկյունու  ստեղծումը զսպող գործոն կդառնա տարածաշրջանում պանթուրքական տրամադրությունների համար: Այս մասին գրված է ուկրաինացի հասարակական գործիչ Դմիտրի Սնեգիրյովի հոդվածում, որը լույս է  տեսել «Սվոբոդա սլովա» թերթում:

Հանգամանորեն ներկայացնելով «հայկական հարցի» պատմությունը՝ փորձագետը նշում է, որ համաձայն Ցեղասպանություն հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին (1948) եւ Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին կոնվենցիաների՝  հայերի հանդեպ Թուրքիայի գործողությունները միանշանակ պետք է դիտարկել որպես ցեղասպանություն, որի նպատակը ազգային եւ  կրոնական խմբի բնաջնջումն էր:

«Հայոց ցեղասպանության քաղաքականության զոհ են դարձել ավելի քան 1.5 մլն հայեր: Երիտթուրքերը այդ տարածքների բնակիչների ֆիզիկական բնաջնջման միջոցով իրենց համար լուծեցին «Հայկական հարցը»», -նշում է  Դմիտրի Սնեգիրյովը, գրում է Analitika.at.ua-ը:

Հիշեցնենք, Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ էր գրանցվել:  Նախաձեռնության հեղինակները պատգամավորներ Վիլեն Շատվորյանն (Ռեգիոնների կուսակցություն) ու Արսեն Ավակովն («Բատկիվշչինա») են: