ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կտրականապես համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Եվրոպան դեմ է հանդես գալիս Հայաստանի եւ ՌԴ հարաբերությունների զարգացմանը:
Երեւանում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ եվրահանձնակատարը պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմից նման ճնշում կա, նկատել է, որ չի կարող հարցը մեկնաբանել եւ առաջարկել է ներկաներին, որ հենց իրենք պատասխանեն այդ հարցին: «Սակայն ես հետեւում եմ նորություններին, տեղյակ եմ գազի սակագնից ու մատակարարվող սպառազինություններից ու մի շարք այլ հարցերից»,-նկատել է Ֆյուլեն:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի եւ ԵՄ գործընկերների միջեւ ճնշում հասկացություն գոյություն չունի: «Մենք հարաբերությունները հետեւյալ կերպ ենք կառուցում. հարաբերությունները պետք է հանգեցնեն բոլորի հաղթանակին: Ասոցացման մասին համաձայնագիրը չի սահմանափակում Հայաստանի հարաբերությունները գործընկերների եւ հարեւանների հետ: Ի պատասխան այն հարցին, արդյոք կա՞ ճնշում, թե՝ ոչ, միանշանակ պատասխանում եմ` ոչ»,-հայտարարել է Ֆյուլեն: Նրա խոսքով` դա միայն կամրապնդի Հայաստանի դիրքերն ու հնարավորությունները հարեւանների եւ գործընկերների հետ հարաբերություններում, ինչպես նաեւ կամրապնդի երկրի տարածաշրջանային դիրքերը:
Եվրահանձնակատարն ընդգծել է, որ եվրոպական կողմը ձգտում է «ձեզ եւ ռուս գործընկերների համար» լինել թափանցիկ ու կանխատեսելի: Եվրոպան ձգտում է ազատ տնտեսական գոտի ստեղծել Լիսսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ` առանց որեւէ արգելքի: «Մենք հստակորեն ասում են մեր գործընկերներին, որ Ասոցացման համաձայնագիրը ոչ մի կերպ չի կարող խնդիր հանդիսանալ տարբեր քաղաքակրթությունների համար»,-ընդգծել է Ֆյուլեն, հավելելով, որ խոսքն ընտրության մասին չէ:
«Մենք երբեք չենք ասել մեր գործընկերներին դադարեցրեք կամ կրճատեք ռուս գործընկերների հետ հարաբերությունները: Հակառակը` հստակորեն ասում ենք, որ չենք ցանկանում ավանդական կապերի խզում»,-հայտարարել է հանձնակատարը: Նրա խոսքով` եվրոպական կողմը միայն խրախուսում է Ռուսաստանի հետ համագործակցության շարունակությունը, որը Հայաստանը կարեւոր է համարում, այդ թվում` ելնելով ազգային շահերից:




























