Հռոմում, հուլիսի 9-ին, Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել «Իտալական ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողովը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովին մասնակցել են զբոսաշրջության, դեղագործության, հաստոցաշինության, ապահովագրության, սննդի վերամշակման, փոստային ծառայությունների, կահույքագործության ոլորտներում ներգրավված շուրջ 60 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի մասնակիցներին ներկայացվել են Հայաստանում առկա բիզնես միջավայրը, Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները եւ հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային եւ մաքսային քաղաքականությունը, բիզնեսի զարգացման եւ ներդրումների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով կատարելագործվող իրավական դաշտը, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված ազատ առեւտրի գոտիների համատեքստում բիզնեսի զարգացման հնարավորությունները:
Համաժողովի ընթացքում մասնակիցները տեղեկացվել են հայաստանցի գործարարների հետ անմիջական կապեր հաստատելու նպատակով «Global Business Services» կազմակերպության նախաձեռնությամբ անցած տարվա սեպտեմբերից մեկնարկած իտալացի գործարարների` Հայաստան կազմակերպվող պարբերական բիզնես-առաքելությունների մասին:
Իր խոսքում ՀՀ դեսպանը կարեւորել է ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացումը, անդրադարձել Ասոցացման համաձայնագրի, ներառյալ` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ վարվող բանակցային գործընթացի ավարտական փուլին, ընդգծել, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի նաեւ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:





























