ԱՄՆ դատարանը Apple կորպորացիային մեղավոր է ճանաչել տարբեր հրատարակչությունների հետ անօրինական համաձայնությունների համար, որի նպատակը էլեկտրոնային գրքերի գների բարձրացումն է եղել: Ընկերության ներկայացուցիչ Թոմ Նեումայրը հայտարարել է, որ մտադիր են բողոքարկել այդ որոշումը եւ պայքարել «կեղծ մեղադրանքների» դեմ:

Հինգ հրատարակչություններ, որոնք մեղադրվում են Apple-ի հետ կարտելային համաձայնության մեջ, արդեն խոստովանել են իրենց մեղքը եւ համաձայնել են փոխհատուցում վճարել մրցակցությունը խախտելու համար: Այդ հրատարակչությունների շարքում են այնպիսի հայտնի հրատարակչական տներ, ինչպիսիք են Penguin, Hachette-ը, HarperCollins-ը, Simon & Schuster-ը եւ Macmillan-ը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Փոխհատուցման չափը հասնում է 26-75 մլն դոլարի:

Ըստ Lenta.ru-ի, նախկինում գները փաստացի սահմանում էր Amazon-ը, որին էր պատկանում շուկայի 90 տոկոսը: Online-խանութը գրքերը գնում էր 10 դոլարով եւ վաճառում 9,99 դոլարով՝ Kindle ծրագիրը խթանելու նպատակով:

Apple-ի եւ հրատարակչությունների միջեւ կարտելային համաձայնությունների հետեւանքով գրքերի գինը հասել էր 15 դոլարի: