Բոսթոնում կատարված ահաբեկչության կատարման մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւին տեղափոխել են քաղաքի դաշնային  դատարանի շենք, որտեղ կպատասխանի դատարանի հարցերին, հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն:

Ցարնաեւին բերել են զրահապատ մեքենայով՝ ոստիկանների ուղեկցությամբ: Դատարանի շենքի մոտ մեքենան դիմավորել են լրագրողները եւ պաստառներով ցուցարարները:

Մինչ այդ անվտանգության աշխատակիցները շների օգնությամբ մանրամասն ստուգել են նիստերի դահլիճը, որտեղ պետք է տեղի ունենան լսումները: Ցարնաեւը պետք է դատավորին պատասխանի, թե արդյոք ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքները:

Այս տարվա հուլիսի 27-ին նրան 30 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել, որից 17-ով, ըստ ՀԴԲ-ի, նրան ցմահ ազատազրկում կամ մահապատիժ է սպառնում:

Ապրիլի 15-ին Բոսթոնի կենտրոնում երկու պայթյուն էր որոտացել, որի արդյունքում երեք մարդ զոհվել էր, ավելի քան 260 մարդ՝ վիրավորվել: Ահաբեկչության կազմակերպման մեղադրանքներ էին ներկայացվել  19-ամյա չեչեն Ջոհար Ցարնաեւին, որը ձերբակալվել էր ապրիլի 19-ին: Պայթյունի գաղափարական ոգեշնչողը Ջոհարի ավագ եղբայր, 26-ամյա Թամերլանն էր, որը զոհվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: