Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին եւ զոհվածների հարազատներին:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է 51, տուժել 70 մարդ։ Երկրաշարժից ամենաշատը տուժել են Էլազըղի եւ Բինգյոլի նահանգները, որտեղ ցնցումները քանդել են տներ եւ մինարեներ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլ քաղաքից 40 կմ արեւմուտք՝ 10 կմ խորության վրա։