Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը մարտի 5-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները: Մասնավորապես կարեւորվել է Լիբանանի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների ղեկավարած պատվիրակությունների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
Նաբիհ Բըրրին ջերմությամբ է հիշել 90-ական թվականների վերջին Հայաստան կատարած իր այցը եւ ընդգծել, որ Լիբանանը ունի հատուկ բարեկամական վերաբերմունք Հայաստանի եւ Լիբանանում բնակվող հայ համայնքի հանդեպ:
Լիբանանի խորհրդարանի նախագահի խնդրանքով Աշոտ Քոչարյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող վերջին զարգացումները:



















