ՄԱԿ-ի՝ Սիրիայում քիմիական զենքի հարցերով հանձնաժողովի նախագահ Օկե Սելսթրոմը համաձայնել է մեկնել Դամասկոս, որտեղ իրիայի կառավարության հետ կքննարկի այդ երկրում իշխանության եւ ընդդիմության կողմից միմյանց քիմիական նյութեր կիրառելու մեջ մեղադրանքները հետաքննելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի-Մունը Նյու Յորքում ընդունել էր Սելսթրոմին: «Զինաթափման հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Անժելա Քեյնը եւ պրոֆեսոր Սելսթրոմը համաձայնել են ընդունել Սիրիայի կառավարության առաջարկը՝ այցելել Դամասկոս եւ քննարկել համագործակցության եղանակները, որոնք անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ մանրամասն հետաքննություն անցկացնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Օրերս ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին պաշտոնապես Քեյնին եւ Սելսթրոմին հրավիրել է Դամասկոս:
Նշենք, որ Սելսթրոմի գլխավորությամբ միջազգային հանձնաժողովը ստեղծվել է Սիրիայի կառավարության խնդրանքով այն բանից հետո, երբ, ըստ Սիրիայի իշխանությունների, զինյալ ընդդիմությունը մարտի 19-ին Հալեպում քիմիական զենք է կիրառել:
Հուլիսի 9-ին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Չուրկինը Բան կի-Մունին է փոխանցել Սիրիայում ռուս փորձագետների կողմից իրականացված փորձաքննության վերաբերյալ զեկույցը, ըստ որի Հալեպում զինյալներն, իսկապես թունավոր զարին գազ են կիրառել:





























